Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հիսուսը խաչը վերածեց հաղթության զորավոր նշանի

Հիսուսը խաչը վերածեց հաղթության զորավոր նշանի
10.04.2009 | 00:00

-ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
-ՕՐՀՆՅԱ՜Լ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Նախաքրիստոնեական շրջանում ձուն գործածական էր բոլոր կրոնների մեջ և այժմ անցել ու մնացել է քրիստոնեության զատկական սովորության մեջ. մոռացվել է հին ավանդությունը, և նորն իր վրա դրոշմել է քրիստոնեական խորհրդաբանությունը:
Ավանդությունից հայտնի է, որ երբ Մարիամ Մագդաղենացին գնաց Հռոմ, Զատկի տոնին ներկած ձու նվիրեց Տիբերիոս կայսրին և ասաց. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Ոչ միայն քրիստոնեության մեջ, այլ նաև հռոմեացիների և հույների կյանքում էլ ձուն իր խորհրդաբանական և ծիսական տեղն ուներ. այս ազգերը իրենց սրբվելու և մաքրվելու համար ձուն նվիրում էին աստվածներին: Ձվի գործածությունը, սակայն, ավելի տարածված էր հրեաների մեջ ու, ըստ ամենայնի, հենց այստեղից է փոխանցվել քրիստոնյաներին` ձեռք բերելով այն նշանակությունը, որն ունենք այսօր: Նշենք նաև, որ հրեաները բաղարջ հացը համեմում էին ձվով և շաքարով, սրանց կողքին դնում զատկական գառը և պինդ խաշած ձվերը:
Համաձայն եռամեծար Վարդապետ Գրիգոր Տաթևացու մեկնության` ձուն իր հետաքրքրական խորհրդաբանությունն ունի, օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևը խորհրդանշում է երկինքը, թաղանթը՝ օդը, սպիտակուցը՝ ջուրը, իսկ դեղնուցը՝ երկիրը: Զատկական ձուն այժմ ձեռք է բերում մեկ այլ նշանակություն` խորհրդանշելով ժայռե այն գերեզմանը, որտեղից Քրիստոսը հարություն առավ:
Այսպիսով, մնում է միայն եզրակացնել, որ նախաքրիստոնեական շրջանում տարածված և բոլոր կրոնների մեջ գործածական ձուն անցել է քրիստոնեության մեջ` հին սովորությունը վերափոխելով նորով:
Զատկական ձուն կրում է նաև գունային խորհրդաբանություն: Ճիշտ է, այսօր բազմերանգություն ստանալու համար այն ներկվում է տարաբնույթ գույներով, բայց չմոռանանք, որ մեծ տարածում գտած կարմիրն իր իմաստն ունի: Այն, նախ, խորհրդանշում է կյանքը, ապա կարմիր ներկելը նշանակում է ամբողջ աշխարհի` Քրիստոսի Արյամբ գնումը: Նրա արյունը ցողվում է ձվի, այսինքն` աշխարհի վրա` մաքրելով մեր մեղքերը: Կարմիր ձուն իր ձեռքերի մեջ վերցնելով` քրիստոնյան հռչակում է իր փրկությունը. ձուն մեր ձեռքն առնելով, հայտնապես քարոզում ենք մեր փրկությունը: Դա է պատճառը, որ մյուս կերակուրներից առավել կարևորություն հատկացվում է ձվին, նախ այս ենք ճաշակում և հետո մնացածները, որոնց թվում են բրնձով փլավը` համեմված չամիչով, ձուկն ու գինին: Բրինձը խորհրդանիշն է համայն ժողովրդի, իսկ միջի չամիչները` քրիստոնյաների: Առաջին դարում, երբ քրիստոնյաները հալածանքների մեջ էին, միմյանց ճանաչել են ձկան նշանով` դռան շեմին կամ մուտքի մոտ` հատակին: Ձուկ բառի տառերը հունարեն տառադարձմամբ ստացվում էր IXTUS, և այս բառի սկզբնատառերից կազմված նախադասությունը հետևյալն էր. «Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ»:
Հայերը հնում ձուն ներկում էին որդան կարմիրով, մեր ժամանակներում` սոխի կեղևով: Ձուն զարդանախշում են նաև Կենաց Ծառի պատկերներով (ստանալով այն ձվի վրա ամրացված մաղադանոսի օգնությամբ): Կենաց Ծառը խորհրդանշում է կյանքի հավերժության գաղափարը: Տարածված էր նաև Զատկական ձուն Տիրոջ պատկերով զարդարելը:
Զատկի սեղանը զարդարել են ոչ միայն ներկած ձուն, չամիչով փլավը, ձուկն ու գինին, այլև զանազան ապուրներ` եղինջապուրը, թանապուրը, փիփերթով ապուրը, չորաթանը, ինչպես նաև կանաչեղենից պատրաստված աղցաններն ու տարբեր ճաշատեսակները, որոնք խորհրդանշում են գարնան զարթոնքը:
Հայերի մեջ անկարելի է պատկերացնել Զատիկն առանց ձվախաղի: Ձվախաղն իր տարաբնույթ տեսակներն ունի: Ամենահայտնին` երկու հոգու մեջ հաղթող ձուն որոշելու խաղն է: Կողմերից մեկը ձուն պահում է ձեռքում, իսկ մյուսն իր ձվով հարվածում է այդ ձվին: Բախվում են ձվերի նախ սուր անկյունները: Առաջին հարվածից հետո ձվերը շրջում են հակառակ կողմի վրա, և մեկ անգամ էլ բախվում են անվնաս մնացած կողմերը: Պարտվողը հաղթողին է նվիրում կոտրված ձուն և կամ էլ, որպես պարգև, տալիս է առողջ մեկ այլ ձու:
Հաջորդ խաղատեսակը մրցարշավ է հիշեցնում: Միջին հաշվով չորս և ավելի մասնակիցներ թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Այն ձուն, որն ամենից արագ անցնում է ամենաերկար ճանապարհը, հաղթողն է: Այս ձուն, ի նշան իր հաղթանակի, շահում է խաղին մասնակցած մնացած բոլոր ձվերը:
Մեկ այլ խաղատեսակ էլ պտտվող ձվի ձվախաղն է: Համընդհանուր ազդանշանից հետո հարթ տարածության վրա ամենքը հնարավորինս թափով պտտեցնում են ձվերը ժամացույցի սլաքի ուղղությամբ: Պատվավոր հաղթանակը վերջինը կանգ առած ձվինն է:
Այսօրինակ խաղերն անցկացվում են առողջ և կամ արդեն կոտրված ձվերով: Պատահական չէ, որ վարպետ մասնակիցներն այս օրերին զամբյուղներով ձու էին բերում տուն:
Ապա ամենքը պար են բռնում, երգում, պարում: Մասնակցում են անխտիր բոլորը, անգամ խոսում են, թե տվյալ տարի Զատկի մասնակիցներին բախտն սկսում է ժպտալ և, հակառակը, երես թեքել նրանցից, ովքեր քնով են անցել:
Զատիկը հինգ տաղավար տոներից մեկն է: Տաղավար տոնին հաջորդող օրը մեռելոց հիշատակության օր է: Ամեն ընտանիք Մեռելոցին գերեզման է այցելում, աղոթքով հիշում իր ննջեցյալներին, նրանց հոգիների խաղաղության համար զոհաբերություն անում, հոգեհանգիստ պատվիրում: Ապա տուն վերադառնալով` ամենքը նախապատրաստվում են կարևոր ևս մեկ իրադարձության` Տնօրհնեքին, որի ընթացքում հոգևորականը բնակարան է բերում օրվա խորհրդավոր ավետիսը.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Եվ լսում ի պատասխան.
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Ինչպես առաքելական շրջանում, երբ Հիսուսի տասներկու առաքյալները Քրիստոս Աստծո Ծննդյան ու Հրաշափառ Հարության բարի լուրն ավետելու և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները, այդպես էլ նրանց հետևորդները՝ երեցները, քահանաներն ու եպիսկոպոսները, առաքելական նախանձախնդրությամբ, ԱստվածՈրդու մարդեղության ու հարության՝ Աստվածահայտնության ու Սբ. Զատկի տոների առիթներով այցելում են հավատացյալների տները՝ Տիրոջ ծնունդն ու հարությունն ավետելու և պատշաճ արարողությամբ հավատացյալներին ու նրանց բնակարաններն օրհնելու համար:
Ապա Սուրբ Խաչով և Ավետարանով օրհնում տունը, բնակիչներին, տան աղը, հացը և ջուրը, խնկարկում բնակարանը` խնդրելով Աստծո հովանավորությունն այդ բնակարանի վրա: Հնում օրհնվում էր նաև մեկ կարմիր ձու և պահվում մինչև հաջորդ տարվա Զատիկ: Թե՛ Սբ. Ծննդյան և թե՛ Սբ. Զատկի առթիվ կատարվող տնօրհնեքի արարողությունների վերջում քահանան, որպես Տիրոջ ներկայության, օրհնության, միևնույն ժամանակ արգասավորության ու առատության մնայուն նշան, տան բնակիչներին տալիս է մի նշխար, ինչը սրբությամբ պետք է պահվի ցորենի ամբարի (կամ պարկի), ալյուրի կամ հացամանի մեջ:
Բնակարանում դիվային ուժերի առկայությունը նաև կախարդության արդյունք կարող է լինել. երբ ինչ-որ մեկը, ատելով որևէ անձի, կամենում է նրան վնասել: Այդ դեպքում նա կամ ինքն է որևիցե չարիք գործում, կամ էլ դիմելով կախարդի, թուղթ ու գիր անողի օգնությանը, չար ոգիների, դևերի միջոցով պատուհասում է այդ անձնավորությանն ու նրա բնակավայրը: Այդ կախարդությունները (ինչպես անցյալում, այնպես էլ այսօր) խափանվել ու խափանվում են միայն ու միայն Տեր Հիսուս Քրիստոսի ամենահաղթ սուրբ զորությամբ՝ Սբ. Խաչով, Սբ. Ավետարանով, քահանա հայրերի կողմից զորավոր աղոթքների ընթերցմամբ ու բնակարանի օրհնությամբ և ոչ թե աչքի ուլունքներով կամ հմայիլներով:
Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ Կենդանացնող Քրիստոսը ցողում է մեզ վրա Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս:
Ցանկալի և միևնույն ժամանակ խրախուսելի է, որ բարեպաշտ հավատացյալները եկեղեցի գնան և Սբ. Ծննդյան, Սբ. Զատկի ու այլ պատեհ առիթներով որևէ քահանայի, տնօրհնեք կատարելու համար, իրենց բնակարան հրավիրեն: Այդ արարողությունը չափազանց կարևոր է, ուստի և անհրաժեշտ է բոլոր քրիստոնյաների համար` թե՛ հոգեվիճակի խաղաղության, թե՛ բնակարանների տեառնագրման և թե՛ սննդամթերքի օրհնության առումներով, որովհետև «եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը ... չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա»:
Քրիստոսի Հարությունը մարդկային կյանքի վեհ և առանցքային գաղափարը դարձավ, նրա բոլոր ձգտումներին, բարոյական և հոգևոր քաղաքակրթությանը նոր արժեք հաղորդեց, իսկ մեր երկրավոր կյանքը մի միջոց է` արդարացնելու համար հոգին, դուռ դեպի հավիտենական արժեքներ, դեպի կատարելություն:
Եթե Քրիստոսը հարություն չի առել,- գրում է Պողոս առաքյալը,- ապա իզուր է ձեր հավատքը, չկա՛ փրկություն, չկա՛ հավիտենական կյանք…
Քրիստոս հարություն առավ մեռելներից.
Մահվամբ մահվանը հաղթեց և
Իր հարությամբ
Մեզ կյանք պարգևեց.
Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն:
Անուշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5326

Մեկնաբանություններ